Հայաստանի առաջին Հանրապետության տոնին նվիրված միջոցառում «Սևան» քրեակատարողական հիմնարկում
Մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել Հայաստանի առաջին Հանրապետության տոնին նվիրված «Ազատությունն է մեր ճամփան» խորագրով միջոցառումը։ Այն նախաձեռնել և կազմակերպել էր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Դանիելյանը, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային գեղարվեստական խմբի ղեկավար ցմահ դատապարտյալ Արտակ Ալեքյանի և «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի համատեղ ջանքերով:
Միջոցառմանը հրավիրված էին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից ներկայացուցիչներ և Իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը: Նպատակն էր՝ հարգանքի տուրք մատուցել Սարդարապատի հերոսամարտի հայորդիներին, պատմական հետհայացք նետել, ներկայացնել հայոց հինավուրց ոգին գործի դնելով՝ պատմության մեջ անհնարինը հնարավոր դարձնել: Ռազմահայրենասիրության ոգով լցված միջցառմանը հնչել են հայրենասիրական ստեղծագործություններ «Սարդարապատ» երգի ուղեկցությամբ։
Միջոցառումն ավարտվել է ցուցահանդեսով,ներկայացվել են կրթական ծրագրերում ընդգրկված մասնակիցների ձեռքի աշխատանքները՝ կավից պատրաստված իրեր, գեղանկարներ մեկը մեկից գեղեցիկ ու տպավորիչ։ Հյուրերը բարձր են գնահատել կատարված աշխատանքները և ցանկություն հայտնել նորագույն նվաճումներ մասնակիցներին։