11.07.2023
2023-2024 թվականի ուսումնական տարվա գործընթացները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում դասավանդող ուսուցիչների մանկավարժական խորհրդի նիստը: Նիստին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը:
Բացման խոսքում տնօրեն Ձոնիկ Մարգարյանը ներկայացրել է նիստից ակնկալվող արդյունքները, խոսել քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող կրթական գործընթացների կազմակերպման տեսլականի վերաբերյալ՝ էքստեռն քննություններ, դասասենյակները լաբորատոր սարքավորումներով համալրում, դասընթացների արդյունքի հաշվետվողականություն:
Նիստի ընթացքում Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը ներկայացրել է 2022-2023 թվականների ուսումնական տարվա , երկրորդ կիսամյակի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքները և ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկները:
– Հանրակրթության փոփոխությունները վերաբերում են նաև քրեակատարողական հիմնարկներում իրականացվող ծրագրերին,- ասաց տնօրենի իրավական և ուսումնական հարցերով տեղակալ, գիտական քարտուղար Սյուզաննա Մակյանը: Նա առաջարկեց ուսումնական ծրագրերի վերանայում և թարմացում:
Ի դեպ, նոր ուսումնական տարում քրեակատարողական հիմնարկներում հանրակրթական ծրագրերում կներդրվի «Հոգեբանություն» առարկան:
Նիստի վերջում ուսուցիչները ուսումնական գործընթացների կազմակերպման վերաբերյալ հարցեր ուղղեցին բանախոսներին: