27.04.20232.

  Ապրիլի 25-ին և  ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության ու վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն)  և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ, պատմության ուսուցիչ Ռոբերտ Եղյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը, մեր անելիքները»  խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել են  Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերում  ընդգրկված դատապարտյալները, ուսուցիչներ, Կենտրոնի հանրակրթության մասնագետը և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցներ:

Միջոցառման նպատակն էր հասցնել լսարանին հետևյալ գաղափարները՝  երբեք չմոռանալ և հիշել  Հայոց ցեղասպանությունը,  հասնել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչմանը և հետագայում, ելնելով պատմության դասերից,  խուսափել ցեղասպանության կրկնությունից:

Ապրիլի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում  Կենտրոնի կողմից իրականացվող  կրթական ծրագրերում դասավանդող   պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Աննա Մուրադյանը   ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ,   անցկացրել է դաս-միջոցառում`  նվիրված հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ։ Ուսուցչուհի Ա. Մուրադյանն իր խոսքում ընդգծել է այն փաստը, որ Մեծ եղեռնը մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի նաև ամենակարևոր դասն է, որից պետք է հետևություններ անել նաև մեր օրերում։

Միջոցառմանը հանրակրթական ծրագրերի մասնակիցը կատարել է հայրենասիրական  երգեր, ասմունքել է և ներկայացրել է հայկական ցեղասպանության իրագործման փուլերը: Այդ ամենն ուղեկցվել է սահիկաշարերի ցուցադրմամբ։

Ներկա գտնվող ուսուցիչներն ու աշակերտները կարևորել  են՝ ազգի հավաքական ուժի ու հզոր հայրենիքի կառուցման անհրաժեշտությունը հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հատուցմանը հասնելու գործում։

Ա. Մուրադյանը միջոցառումը եզրափակել է այն մտքով, որ Նժդեհի ոգով դաստիարակված, գիտելիքներով զինված պատմական հիշողությամբ սերունդն է մեր առաջընթացի հիմքը։ Նկարների հղման աղբյուրը՝ այստեղ: