Հուլիսի 24-ին Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության շրջանակում խորհրդի անդամները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»-ում իրականացրել են շրջայց և քննարկում՝ ծանոթանալով 2023 թվականից Երևանում և Կապանում պիլոտային կարգով ներդրված Բարնհաուս մոդելի կիրառման գործընթացին:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՀՀ քննչական կոմիտեի  նախագահ տեղակալ Արսեն Այվազյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւնԻՍԵՖ) «Անչափահասների արդարադատության ծրագրի» համակարգող Վիկտորյա Օհանյանը: Հանդիպանը ներկա էին նաև անչափահասների արդարադատությանը առնչվող պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում արձանագրվել է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծն ընդունելու և դատաբժշկական փորձաքննությունը Բառնահուսում կազմակերպելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ Բարնհաուս թարգմանաբար նշանակում է «Երեխայի տուն»: Բարնհաուս է գալիս այն երեխան, ով տուժել է սեռական և/կամ ծանր ֆիզիկական բռնության հանցագործություններից: Նման իրավիճակներում հայտնված երեխաները մեկ տանիքի տակ ստանում են մի շարք ծառայություններ և անցնելով արդարադատության գործընթացների փուլերով, որպես կանոն, լինում են պաշտպանված և հայտնվում երեխայանպաստ միջավայրում:

Մոդելը Հայաստանում ներդրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՅՈւնԻՍԵՖ-ի, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության համագործակցությամբ: Նախատեսվում է, որ մինչև 2024 թվականի ավարտը ՀՀ տարածքում կներդրվի ևս երկու Բարնհաուս: