Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը և ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը։
Կողմերը ընդգծել են, որ քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող ծառայողների համապարփակ գիտելիքների ստացման գործում էական նշանակություն ունի նրանց կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացումը։
Նշենք, որ այս համագործակցությունն ուղղված է քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գործունեության շրջանակում պետաիրավական հարցերը բարձր մասնագիտական մակարդակով լուծելու ունակ կադրերի` ժամանակակից պահանջներին համապատասխան պատրաստման և վերապատրաստման համար երկկողմ համագործակցության կազմակերպմանն ու ամրապնդդմանը, գիտական հետազոտությունների իրականացմանը, և այդ ուղղությամբ Կողմերի միջև մշտական կապի պահպանմանը։
Ջանքերի միավորման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմամբ և վերապատրաստմամբ։
Հուշագրի կողմերը կհամագործակցեն գիտական և գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների և այլ միջոցառումների համատեղ իրականացման, գիտական հրապարակումների պատրաստման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ գիտահետազոտական նախագծերի համատեղ մշակման, դասախոսների դասընթացավարների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, Մարդու իրավունքների վերաբերյալ թեմաներով կարողությունների զարգացմանն ուղղված միջացառումների իրականացման ուղղություններով:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը խորացնելու և առավել ամրապնդելու։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի սերտացնել կառույցների միջև համագործակցությունը։