ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2022 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 23 ընկած ժամանակահատվածում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կենտրոնը)՝ ՀՀ արդարադատության նախարարի 22.07.2022 թվականի N400-L հրամանով հաստատված վերապատրաստման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրերով իրականացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկների թվով 550 քրեակատարողական ծառայողի վերապատրաստում:
Քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների զարգացման նպատակով (բոլոր խմբերի) վերապատրաստման դասախոսությունները և գործնական պարապմունքները 2022 թվականի օգոստոսի 31-ի ՀՀ արդարադատության նախարարի N 519-Ա հրամանով համալրվել են նոր թեմաներով:
ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
2022 թվականի փետրվարի 14-ից մինչև դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի 01.02.2022 թվականի N 44-Ա հրամանով հաստատված հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրով իրականացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկների թվով 1665 քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցում:
2022 թվականի ապրիլի 18-22 և հոկտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի N 164-Ա հրամանով հաստատված հատուկ ուսուցման ծրագրով իրականացրել է 35 հարկադիր կատարողի հատուկ ուսուցում:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կարիքների համար և Կենտրոնի միջև 2022 թվականի մայիսի 13-ին կնքվել է N«ԱԱ-ԳՀԾՁԲ-22/02» համարի պայմանագիրը համաձայն որի՝ 2022 թվականի մայիսի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում թվով 60 դատավորի, 38 դատախազի և 189 դատական կարգադրիչի համար իրականացվել է հատուկ ուսուցում:
ՆՈՏԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ
2022 թվականի մայիսի 16–ից մինչև 2022 թվականի հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնը՝ ՀՀ արդարադատության նախարարի 29.08.2022 թվականի N515-Ա հրամանով հաստատված իրականացրել է նոտարների վերապատրաստում: Արդյունքում, թվով 4 նոտար անցել են նշյալ ուսուցումը և ստացել վկայականներ:
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Արդեն երկրորդ տարին է Կենտրոնը իրականացնում է սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացներ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար» հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին N 106-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգով (այսուհետ՝ ուսուցման կարգ) համապատասխան՝ 2022 թվականի օգոստոսի 08-ից մեկնարկել է «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման» դասընթացը:
Դասընթացի ժամանակացույցը սահմանված է 76 ակադեմիական ժամ: Այն ընթանում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի ավարտին ունկնդիրները ուսուցման կարգին համապատասխան կստանան վկայագրեր (վկայագիրը տրվում է երկու տարի ժամկետով): Դասընթացներին մասնակցում է 36 ունկնդիր:
«ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ և ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»
Կենտրոնը 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի փետրվարի 14-ի N77-Ա հրամանով հաստատված` «Իրավախախտում կատարած անձանց 2022 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրով (այսուհետ` Ծրագիր) ՀՀ ԱՆ «Արմավիր», «Աբովյան», «Սևան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում և Պրոբացիայի ծառայությունում իրականացրել է հետևյալ դասընթացները՝ «Դեկորատիվ կիրառական արվեստ», «Էթիկա և հաղորդակցություն», «Օտար լեզու /ռուսերեն, անգլերեն/», «Համակարգչային հմտություններ», «Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ», «Վարսավիրական հմտություններ», «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում/» դասընթացները:
2022 թվականին Ծրագրի մեջ ավելացել են հետևյալ մասնագիտական արհեստագործական դասընթացները՝ «Կարի հիմունքներ», «Կահույքաշինության հիմունքներ» և «Դիմահարդարում»: ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պրոբացիայի շահառուների համար նախատեսված «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»-ում են իրականացվել վերոնշյալ դասընթացները:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Քրեակատարողական հիմնարկներում հանրակրթություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2018 թվականի մարտի 21-ի թիվ 250-Ա/2 և 251-Ա/2 հրամաններով ստացել է հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ:
«Մինչև 19-ը տարեկան ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար հանրակրթական հիմնական ընդհանուր պետական» ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) այս տարի մասնակցել է 6 ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված մինչև 19 տարեկան անչափահաս:
Մինչև 2022թ.-ի ուսումնական տարվա վերջ Ծրագրում ընդգրկված մինչև 19 տարեկան անչափահասները թվով 3 են մնացել՝ դասերն իրականացվում են՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» հիմնարկներում:
«ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ և ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ» ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ արդարադատության նախարարության կողմից քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումների քաղաքականության արդյունքում 2019 թվականին կառավարության կողմից հաստատվեց «Ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ կալանավորված անձանց) համար հանրակրթության իրականացում՝ անկախ տարիքից» միջոցառումը:
«Կրթության մասին» օրենքում լրացում կատարվեց և 2022 թվականի մայիսի 25-ի ՀՕ-130-Ն օրենքին համաձայն՝ «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը լրացվեց նոր՝ չորրորդ պարբերությունով. «Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի: Սույն պարբերությունում նշված անձինք իրենց ցանկությամբ կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին» (Սույն օրենքը ուժի մեջ է մտել 2022 թվականի օգոստոսի 1-ից):
Վերոգրյալի արդյունքում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կենտրոն) 2022 թվականի սեպտեմբերի 1-ից իրականացնում է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 19-ը և ավելի տարեկան» դատապարտյալների հանրակրթության ուսումնական՝ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագիրը:
Ներկայումս, Արդարադատության նախարարության՝ «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 81 դատապարտյալներ «19 և ավելի տարեկան» մասնակցում են Ծրագրին և իրացնում իրենց կրթության իրավունքը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել նաև ՀՀ ԱՆ այլ քրեակատարողական հիմնարկներում :
Այդ նպատակով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում առանձնացվել և վերանորոգվել են ուսումնական սենյակներ: Կենտրոնի կողմից ձեռք է բերվել այդ սենյակները կահավորելու համար անհրաժեշտ ուսումնաօժանդակ գույք ՝ ուսումնական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, համակարգչային տեխնիկա և այլն, ինչպես նաև տրամադրվել են գրենական պիտույքներ և այլ նյութեր:
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Անչափահասների արդարադատության խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) իր գործունեությունն իրականացնում է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 11-ի N 188-Ա հրամանով հաստատված աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքների շարունակական ապահովումը և քարտուղարությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
2022 թվականի ընթացքում տեղի է ունեցել թվով 3 խորհրդի նիստ: Կայացած նիստերի քննարկումների արդյունքում՝ 2023 թվականին պիլոտավորված տարբերակով ներդրվելու է վկա և տուժող երեխաների մասնակցությամբ քննչական և այլ գործողությունների պիլոտավորված «Մեկ պատուհան» սկզբունքով Բարնհաուսի մոդելը, որի շրջանակում վկա և տուժող երեխաների համար կապահովվի արդարադատության մատչելիությունը:
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ
2022 թվականի ընթացքում թողարկվել է «Արդարադատություն» գիտական հանդեսի 2 համար: Տարվա ընթացքում հանդեսում հրապարակվել են շուրջ 16 գիտական հոդվածներ:
«Արդարադատություն» գիտական հանդեսը լույս է տեսնում 2008 թվականից, որտեղ տեղ են գտնում իրավագիտության ոլորտին առնչվող գիտական հոդվածներ և վերլուծություններ:
Պարբերականը 2010 թվականից՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրատարակությունների ցանկում է: Նշված ցանկում գիտական հանդեսի ընդգրկումը կարևոր հարթակ է ոլորտի մասնագետների համար:
Խմբագրական խորհուրդը բծախնդրորեն պահպանում է Հանդեսում տպագրված գիտական աշխատանքների պատշաճ մակարդակը և սահմանված չափանիշներին համապատասխանությունը՝ նպատակ ունենալով ապահովել վերջինիս ուրույն տեղը գրախոսվող գիտական պարբերականների շարքում:
«Արդարադատություն» գիտական հանդեսի թողարկված բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները զետեղված են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայքում: