«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է սնանկության գործով կառավարչի հավակնորդների ուսուցումը
2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված և 2020 թվականի ապրիլի 15-ին ուժի մեջ մտած «Սնանկության մասին» օրենքում կատարված լրացումներով որպես սնանկության գործով կառավարիչ որակավորվել ցանկացող անձանց ներկայացվող պահանջների շարքում ավելացավ նաև Արդարադատության նախարարի սահմանած համապատասխան կարգով՝ ուսուցում անցած լինելու պահանջը:
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իրականացնում է Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը սահմանելու մասին» N 106-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգին համապատասխան՝ սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հավակնորդների ուսուցման դասընթացներ, որի ավարտին մասնակիցներին շնորհվում է վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը: Վկայագիրը տրվում է երկու տարի ժամկետով:
Նախատեսված ժամանակացույցով ունկնդիրներն անցնում են դասընթացներ ուսումնասիրելով՝ «Քաղաքացիական գործերը սնանկության վարույթում», «Սնանկության կառավարչի կարգավիճակը նրա իրավունքները», «Պարտականությունները, պատասխանատվությունը, վարձատրությունը, պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը (մորատորիում)», «Սնանկության գործով կառավարչի հաշվետվողականությունը» թեմաները:
Որակավորման դասընթացների ներդրման սկզբից (2020 թվական) յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ուսուցում, որին մասնակցում է 32-25 սնանկության գործով կառավարչի հավակնորդ:
Սնանկության կառավարիչների որակավորումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը` որակավորման ստուգման միջոցով, որն անցկացնում է Նախարարին կից խորհրդակցական մարմին հանդիսացող որակավորման հանձնաժողովը: Հանձնաժողովում ընդգրկվում են ներկայացուցիչներ Արդարադատության, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարություններից, ինչպես նաև իրավաբան և տնտեսագետ գիտնականներ: