ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ֆինանսավորմամբ  հուլիսի 3-16-ը կազմակերպել է արտագնա դասընթացների շարք, որն ուղղված է քննիչների, ոստիկանների և արդարադատությանն առնչվող երեխաների հետ աշխատող մասնագետների գործունեության զարգացմանը: Նշված օրերի ընթացքում դասընթացներին մասնակցելու են վերը թվարկված ոլորտներից տարբեր մասնագետներ:

Միջոցառման բացմանը Կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարող Սյուզաննա Մակյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ երեխաների հետ մշտապես և ամենօրյա աշխատանքն է, որ կարող է հանգեցնել հասարակության զարգացմանը:  Սյուզաննա Մակյանը նաև կարևորել է մասնակիցների կողմից բաց և բովանդակային քննարկում ունենալն ու ակտիվ մասնակցությունը, նշելով, որ  դասընթացների շրջանակում քննարկումներն ուղղված են երեխայի լավագույն շահի պաշտպանությանը և  արդյունավետ հարթակ  կարող են դառնալ՝  առկա խնդիրները վեր հանելով, դրանք քննարկելու և անչափահասների հետ տարվող աշխատանքներում խնդիրների կարգավորմանն ուղղված լավագույն լուծումների համար:

Նշենք, որ վերապատրաստումներն ուղղված են ընտանեկան բռնության ենթարկված երեխաների իրավունքների պաշտպանությանը, «Իրավախախտում» և «Հանցանք» հասկացությունների մեկնաբանությանը, անչափահաս իրավախախտի հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքներին, երեխաների հետ տարվող աշխատանքների ընթացքում պետական մարմինների համագործակցությանը՝ անչափահասների հետ տարվող աշխատանքների իրականացմանը՝ ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից:

Երկօրյա դասընթացների բանախոսներն են՝ իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Նիկողոսյանը, «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ամիրյանն ու հոգեբան Գայանե Ղարաքեշիշյանը:

Կազմակերպված վերապատրաստումներն աննախատեպ են և կլոր սեղանի շուրջ միջգերատեսչական  համագործակցության այս ձևաչափը շարունակական բնույթ է կրելու: