ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ս.թ. հունվարի 27-ին տեղի է ունեցել #հավաստագրերի հանձման արարողություն, որի շրջանակում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը հանձնել է հավաստագրեր և վկայագրեր այն դատապարտյալներին, ովքեր հաջողությամբ ավարտել են #կաշեգործության, #ազգագրության և #հաղորդակցության հմտությունների դասընթացները։
Հայկ Սանոյանը իր խոսքում շնորհավորել է ծրագրի մասնակիցներին՝ նշելով.
«Այսօր դուք ոչ միայն ձեռք եք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, այլև ապացուցել եք ձեր պատրաստակամությունը քայլ առ քայլ փոխել ձեր կյանքը: Այս դասընթացները հստակ ապացույց են, որ #վերասոցիալականացումը հնարավոր է, երբ կա կամք և աջակցություն։ Մենք վստահ ենք, որ այս ծրագիրը կարևոր հիմք կդառնա ձեր ապագա մասնագիտական և անձնական հաջողությունների համար»։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վանաձոր ՔԿՀ-ի պետ Արկադի Թադևոսյանը, ով շեշտել է նման ծրագրերի նշանակությունը՝ դատապարտյալների #վերասոցիալականացման և հասարակություն #վերաինտեգրվելու գործընթացում։
Միջոցառման ավարտից հետո Հայկ Սանոյանը զրուցել է #կաշեգործության #մոդուլի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց պատրաստած ձեռագործ իրերին, որոնց թվում էին #դրամապանակներ, #ժամացույցի գոտիներ և այլ #իրեր։
Նա ընդգծել է, որ այս հմտությունները կարող են նպաստել մասնակիցների ապագա կայունությանն ու ինքնուրույնությանը։
Վերասոցիալականացման այս ծրագիրը մեկնարկել էր 2024 թվականի հոկտեմբերին և ավարտվել դեկտեմբերին՝ ընդգրկելով 10 մասնակից, որոնցից 5-ը ստացել են հավաստագրեր, իսկ 1-ը՝ վկայագիր։ 2025 թվականին ծրագիրը կշարունակվի և կընդգրկի ավելի լայն թեմաներ՝ ապահովելով 240 ակադեմիական ժամ, որոնցից 180-ը նվիրված կլինեն կաշեգործությանը։
«Շնորհակալություն եմ հայտնում Վանաձորի ՔԿՀ-ի վարչակազմին և դասընթացավարներին՝ իրենց ներդրած ջանքերի համար։ Նման ծրագրերի շարունակականությունը ցույց է տալիս մեր համատեղ աշխատանքի արդյունավետությունը», – հավելել է Հայկ Սանոյանը։
Այս նախաձեռնությունը հերթական քայլն է դատապարտյալների համար կրթական և վերականգնողական հնարավորություններ ապահովելու գործում, որը նպաստում է նրանց նոր կյանք կառուցելու հեռանկարին։