Այսօր մեկնարկել են անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման ստուգման դասընթացները:
Հոգեբանների որակավորման դասընթացների առաջին օրվա բացմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը:
Դասընթացները կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և միջազգային գործընկերներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցության շրջանակներում:
Հունվարի 23-ից փետրվարի 4-ը տևող 12-օրյա տեսական մասից անմիջապես հետո կլինի նաև գործնականը, որը կիրականացվի ՀՀ քննաչական կոմիտեի քաղաքային և մարզային ստորաբաժանումներում՝ ըստ մասնակիցների բնակության վայրի:
Մասնագետները, վերապատրաստումն անցնելուց հետո, կանցնեն որակավորման փուլ: Արդյունքում, արդեն որակավորված հոգեբանները ՀՀ արդարադատության նախարարի կողմից կստանան վկայականներ և նախարարության կողմից կհաշվառվեն: 23.01.2023թ.