30.05.2023թ.

 

 

Մայիսի 25-ին, 26-ին և 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ», «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մշակութային-ուսուցողական միջոցառումներ՝ նվիրված 1918 թ.-ի մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակմանը։
Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող կրթական ծրագրերում մասնակից դատապարտյալների շրջանում դասավանդող ուսուցիչների նախաձեռնությամբ և նշյալ քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցների աջակցությամբ:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված «Մայիսյան հերոսամարտ» խորգիրը կրող միջոցառման նպատակն էր ներկայացնել իրադարձությունների պատմական նշանակությունը: Պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանը տեսանյութերի միջոցով ներկայացրել է Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերը:
Միջոցառման ավարտին «խեցեգործություն» առարկայի շրջանակներում տեղի ունեցել մասնակիցների պատրաստած կավե իրերի և նկարների ցուցահանդեսը:
Միջոցառմանը մասնակցել են նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի հանրակրթության մասնագետներ Հասմիկ Իգիթյանը և Արփինե Քոչարյանը: Արփինե Քոչարյանը հանդես է եկել ամփոփիչ խոսքով՝ մեկ անգամ ևս շեշտադրելով Առաջին հանրապետության կարևորությունը հայոց պատմության մեջ:
ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացված միջոցառումները կրում էին «Հայաստանի առաջին հանրապետությունը» խորագիրը: Հայագիտության ուսուցիչ Արտաշես Մակարյանը միջոցառման մասնակիցներին տեսասահիկի միջոցով ներկայացրել է Հայաստանի առաջին հանրապետության ձևավորման գործընթացը, բացատրել ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական խնդիրները ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները:
Միջոցառումներն ամփոթվել են ուսուցչների և մասնակիցների միջև միջոցառման թեմայի շուրջ հարց ու պատասխանի ձևաչափով։