20․03․2023թ․
Սույն թվականի մարտի 15, 16 և 17-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ», «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կենտրոն) կողմից «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրում դասավանդող ուսուցիչների և սովորողների համար Կենտրոնի մասնագետներն իրականացրեցին սոցիալ-հոգեբանական թեմաներով մի շարք դասընթացներ։
ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանը և նույն բաժնի մասնագետ Աննա Պողոսյանը դատապարտյալների համար անցկացրեցին տեսագործնական պարապմունք՝ «Կոնֆլիկտների հաղթահարումը» թեմայով:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ բաց–դաս քննարկում ժողովրդագրության հիմնախնդիրների, ծնելիության և ազգային անվտանգության հաղթահարման վերաբերյալ, որի ընթացքում դատապարտյալները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին՝ ակտիվորեն մասնակցելով թեմայի քննարկմանը:
Նշված քրեակատարողական հիմնարկներում դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվեցին հոգեբանական վերապատրաստման դասընթացներ: Դասընթացավար, Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետ, հոգեբան, հ.գ.թ. Նունե Մնացականյանի տեսագործնական պարապմունքներն օգնում են ուսուցիչներին ավելի լավ ճանաչել դատապարտյալների անձնային առանձնահատկությունները, կանխատեսել նրանց վարքը, ցուցաբերել ուսուցման անհատական մոտեցումներ, ինչպես նաև նպաստում են վերասոցիալականացման գործընթացներին: Վերապատրաստման արդյունքում ուսուցիչները ձեռք են բերում հաղորդակցման և մանկավարժահոգեբանական ազդեցության նոր հմտություններ, բարձր սթրեսակայունություն, անձի անհատական հոգեբանական առանձնահատկությունների ճանաչում և ինքնաճանաչում:
Հանդիպումների ընթացքում ուսուցիչների հետ քննարկվեցին նաև ուսումնական գործընթացներին վերաբերող խնդիրները: