18.04.2023 թ.

      Ապրիլի 17-ին  ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ( այսուհետ՝ Կենտրոն) մասնագետների, ուսուցիչների  նախաձեռնությամբ և  ՀՀ արդարադատության նախարարության  «Նուբարաշեն» և «Սևան»  քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ,  նշյալ քրեակատարողական հիմնարկներում տեղի  են ունեցել  Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին  նվիրված միջոցառումներ:  Միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած   «Գարուն ա, ձուն ա արել…» խորագիրը կրող միջոցառման ընթացքում, Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ,  «էթիկա և հայագիտություն» առարկայի դասախոս Արտաշես Մակարյանը  մասնակիցներին տեսասահիկի միջոցով ներկայացրել է ցեղասպանության կազմակերպման դրդապատճառները, իրականացման փուլերը և հետևանքները, ինչպես  նաև  նա խոսել է 1919 թվականին Կ. Պոլսում  տեղի ունեցած  երիտթուրքական կուսակցության ղեկավար գործիչների դատավարության մասին. նրանց կողմից հայերի տեղահանությունը և ցեղասպանությունը կազմակերպելու մեղադրանքով: Միջոցառման տեսապատկերներում  ներառված էր նաև Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից Ղողանջ եղեռնական հատվածը:

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառման ընթացքում  պատմության ուսուցիչ՝  Կամո Առաքելյանն  օրվա թեմայի վերաբերյալ պատմական անդրադարձ է կատարել և զեկույց ներկայացրել, որից հետո  մասնակիցները տեսանյութ են դիտել: Պատմության ուսուցիչը ժամանակաշրջանի վերաբերյալ մանրամասն փաստեր ներկայացնելով՝ պատմել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո երիտթուրքերի հայերի հանդեպ գործած ցեղասպանության մասին:

Միջոցառումն ավարտվել է  ՀՀ ԱՆ «Սևան»  քրեակատարողական հիմնարկի տարածքում գործող եկեղեցում ՝ աղոթքով և մոմավառությամբ: