Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ ուսուցիչներ,
Այսօր հոկտեմբերի 5-ին աշխարհը նշում է Ուսուցիչների միջազգային օրը։
Ուսուցչի դերը պետության կայացման անփոխարինելի մասն է։ Անփոխարինելի արժեք է նաև գիտելիքը, որակյալ կրթությունը։
Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման գաղափարի ակունքներում ի սկզբանե հենց կրթությունն է եղել, հասարակության շրջանում իրավագիտակցության մակարդակի զարգացումն ու դրա ապահովումը։
Կենտրոնը իրավագիտության կորպուս, հետազոտական ինստիտուտ է, որտեղ հոգեբան-մանկավարժների հատուկ մեթոդաբանության և ջանասիրության շնորհիվ իրականացվում են Արդարադատության նախարարության քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների հատուկ ուսուցումը:
Կենտրոնը մասնագիտացված է քրեական արդարադատության ոլորտում վերականգնողական ծրագրերի մշակման, ինչպես նաև իրավախախտում կատարած անձանց ծառայությունների մատուցման ուղղությամբ: Այն արդարադատության ոլորտում կայուն հիմքով ծառայություններ է մատուցում և դասընթացներ է իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց և պրոբացիայի շահառուների համար:
Կենտրոնի կողմից իրականացվել և իրականացվում են՝ հաշտարարների, սնանկության գործով կառավարչի հավակնորդների համար նախատեսված մի շարք դասընթացներ։
Առանցքային ուշադրության է արժանի նաև Կենտրոնի կողմից հրատարակվող «Արդարադատություն» գիտական հանդեսը, որտեղ տպագրվում են իրավագիտության ոլորտին առնչվող աշխատություններ և գիտական վերլուծություններ:
Կենտրոնի հաջողության բանաձևը մեծապես կախված է այն նվիրյալներից, ովքեր չեն դադարում քայլել ժամանակին համահունչ, ոչ միայն կրթում են, այլ նաև խորամուխ են վերաինտեգրման, վերասոցիալականցման ապագայի հարցերին։
Մաղթում եմ ամենայն բարիք, ուժ և մեծ իմաստնություն այս աշխատանքում:
Շնորհավո՛ր Ուսուցչի օր»։