Լանզարոտեի կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Մակյանը ս․թ․նոյեմբերի 5-8-ը Վիեննայում մասնակցել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա կամ Կոնվենցիա) կոմիտեի (Լանզարոտեի կոմիտե) 43-րդ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու և Լանզարոտեի կոնվենցիայից բխող մի շարք այլ հարցեր։
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և այլ կողմերը, որոնք ստորագրել են սույն Կոնվենցիան առիթ են ունեցել քննարկելու պետությունների այս ոլորտում արձանագրված առաջընթացները, ինչպես նաև Կոնվենցիայի հիմնական նպատակներից բխող գործառույթների իրականացման համար ներդված ջանքերը, որոնք նպատակ ունեն՝ կանխարգելել և պայքարել երեխաների սեռական շահագործման և նրանց հանդեպ սեռական բռնության դեմ, պաշտպանել սեռական շահագործումից և սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքները, նպաստել ազգային և միջազգային համագործակցության զարգացմանը՝ երեխաների սեռական շահագործման և նրանց հանդեպ սեռական բռնության դեմ մղվող պայքարում։ Լանզարոտեի կոմիտեն այս նստաշրջանի ընթացքում ընդունել է նաև հռչակագիր երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին, որոը նպաստելու է զարգացող տեխնոլոգիաների կիրառման ընթացքում պաշտպանել երեխաներին սեռական շահա գործումից և սեռական բռնությունից։Համաձայն վերոնշյալ հռչակագրի՝ Լանզարոտեի կոմիտեն հիշեցնում է, որ երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունները պետք է մնան քրեականացված՝ անկախ այն բանից, թե ինչ միջոցներով են դրանք կատարվել: Լանզարոտեի կոմիտեն կոչ է անում անդամ պետություններին ապահովել, որ զարգացող տեխնոլոգիաների միջոցով սեռական բռնության ենթարկված երեխաներին հասանելի լինեն զոհերի աջակցության ծառայությունները և ուժեղացնեն պատասխանատվությունը նրանց համար, ովքեր չարաշահելով այդ զարգացող տեխնոլոգիաների հնարավորություններն օգուտ են քաղում (շահ են ստանում) այդ ամենից:
Ընդունելով երեխաներին ավելի լավ պաշտպանելու համար ներկայիս զարգացող տեխնոլոգիաներն օգտագործելու ներուժը, Լանզարոտեի կոմիտեն նաև կոչ է անում անդամ պետություններին դիտարկել այդ տեխնոլոգիաների կիրառումը զոհերին հայտնաբերելու և պաշտպանելու, այդ հանցագործներին հայտնաբերելու, հանցագործությունները բացահայտելու, հետաքննելու և այդ հանցագործներին հետապնդելու համար: