2019 թվականի դեկտեմբերի 19-ին «Մեդիա ակումբում» ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ տեղի է ունեցել է «Երեխայի իրավունքի հիմնախնդիրը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում» խորագիրը կրող ասուլիսի, որի բանախոսներն էին նաև ՝ Փաստաբան ի.գ.թ., դոցենտ, Դավիթ Թումասյանը, Անի Մխիթարյանը՝ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ, Գայանե Հովակիմյանը՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ:
ՀՀ կառավարությունն արձանագրել է բռնությունից զերծ հասարակություն կառուցել, որտեղ կարևորվում են երեխայի իրավունքը պաշտպանող խնդիրները:
Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունը, որտեղ առաջին անգամ երեխաների իրավունքների պաշտպանության դրույթներ են սահմանվել, որը մոտ ապագայում կվավերցվի ՀՀ կառավարության կողմից: Այս նախագծում հաշվի են առնվել ոլորտում գոյություն ունեցող խնդիրները, հիմնականում դիտարկվում է երեխաների պաշտպանությունը բռնությունից: Քրիստինե Գրիգորյանը նաև նշեց, որ նախարարությունը շահագրգռված է ոլորտի խնդիրների լուծման մեջ տարբեր պետական և քաղաքացիական մարմինների ներգրավվածությամբ և այս պարագայում կարևորեց «Անչափահասների արդարադատության խորհուրդ»-ը, որի քարտուղարությունն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Դավիթ Թումասյանի խոսքով` Երեխաների նկատմամբ բռնությունը տարբերվում է մեծահասակների նկատմամբ բռնությունից և այն չափորոշիչները, որոնք օգտագործվում են մեծահասակների նկատմամբ բռնությունը սահմանելիս` միանշանակ կիրառելի չեն երեխայի նկատմամբ, քանի որ վերջինս ունի որոշակի առանձնահատկություններ և անգամ մեծահասակի համար աննշան թվացող բռնությունը երեխայի համար կարող է թողնել անդառնալի հետևանքներ: Այս առումով նաև բռնություն է համարվում երեխայի առևանգումը: Գոյություն ունի միջպետական և ներպետական առևանգում և երեխային պաշտպանելու համար պետության կողմից պետք է լինի համակարգային համագործակցություն, կարևոր է նաև հասարակության մասնակցությունն , որը հաճախ լատենտային բնույթ է կրում:
2007 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել «Երեխայի Միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիան: Անի Մխիթարյանի պարզաբանմամբ` առևանգում տերմինը ունի երկու իմաստ` առաջինը վերաբերելի է միայն երեխայի ծնողների խնամակալության իրավունքի սահմանափակմանը կամ ոտնահարմանը, երբ մի ծնողը առանց մյուսի տեղեկացման տեղափոխում է երեխային Հայաստանի Հանրապետությունից` կամ հակառակը, իսկ երկրորդը, երբ երեխան անօրինական կերպով պահվում է օտար երկրում: Մխիթարյանը նաև հավելեց, որ 2018 թ. երեխաների միջազգային առևանգման վարույթները, ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների, քննարկվում են բացառապես դատարանի կողմից:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ վերջերս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ը իրականացրեցին «Երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագիրի առաջին փուլը: Ամփոփելով այն` Գայանե Հովակիմյանն ասաց, որ ծրագրի նպատակն է բռնության առկա խնդիրների մասին ոչ միայն արձագանքելը, այլև դրանք կանխարգելելը: Այս առիթով ոլորտի խնդիրների արագ և ճիշտ արձագանքման և կանխարգելման համար վերապատրաստում անցան սոցիալական աշխատողները, ոստիկանները, քննիչները և ԶԼՄ ներկայացուցիչները: