Հունիսի 26-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի «Խեցեգործություն» առարկայի շրջանակներում, ամփոփելով ուսումնական երկրորդ կիսամյակը, տեղի է ունեցել ցուցահանդես-միջոցառում:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ և քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման մասնակցությամբ:
Խեցեգործության ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանը ներկայացրել է դասի շրջանակներում պատրաստված գործերը, նպատակը և նշել, որ խորագիրը վերցված է ռուս մեծանուն գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու խոսքերից: «Գեղեցկությունը», որի մասին գրողը խոսում է՝ «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Յուրաքնաչյուրը առաջնորդվելով այն ամեն լավով, որ կա իր հոգում, հիշողության մեջ և ձգտումներում՝ կլինի գեղեցիկ և աշխարհը կփրկվի «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ»,- ասել է միջոցառման հեղինակը: Նա նաև նշել է, որ ցուցադրված գործերում մասնակիցները ինքնաարտահայտվել են՝ առարկաները կամ երևույթները ներկայացնելով սեփական գույներով:
Միջոցառմանը հրավիրված էին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետներ Նունե Մնացականյանը, Սիլվա Արիստակեսյանը, Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ուսուցիչներ Սուսաննա Դանելյանը,Կամո Առաքելյանը: Ավարտին հյուրերին հանձնվել են ցուցադրվող աշխատանքներից նվերներ: