Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 4-ին Աբովյան քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ կին դատապարտյալների երեխաների և հիմնարկում գտնվող իրավախախտում կատարած անչափահաս անձանց համար։
Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունելու և նրանց շնորհավորելու հնարավորություն են ունեցել նաև Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը, փոխդեսպանը և հյուպատոսը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, տեղակալներ Սահակ Գրիգորյանն ու Վահե Նանուշյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք ։
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 13 անչափահաս։ Երեխաների համար կազմակերպվել էին տարբեր խաղեր և մրցույթներ՝ խաղավարի ուղեկցությամբ։
Նրանք հնարավորություն են ունեցել նկարելու իրենց պատկերացումները, այնուհետև մայրիկների հետ միասին գրել իրենց երազանքները և օդ բաց թողնել փուչիկների միջոցով՝ որպես հույսի և խաղաղ մանկության խորհրդանիշ։
Միջոցառման ավարտին երեխաներին հանձնվել են իրենց նկարների շրջանակված տարբերակները, գրքեր և այլ անակնկալներ՝ որպես հիշողություն և խրախուսանք։
Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից իրականացվող նման նախաձեռնությունները նպատակ ունեն նպաստել անչափահասների հոգեբանական բարեկեցությանը և ընտանիքի կապերի պահպանմանը՝ խթանելով հումանիստական արժեքների ամրապնդումը քրեակատարողական ոլորտում։