2025 թ. մայիսի 15-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանն այցելել է Աբովյան քրեակատարողական հիմնարկ՝ «Ծնողավարման հմտություններ» դասընթացի մասնակից կին դատապարտյալներին վկայականներ հանձնելու նպատակով:
Դասընթացը կազմակերպվել է Կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Այն ուղղված էր կին դատապարտյալների ծնողական կարողությունների զարգացմանը՝ նպաստելով ընտանեկան բռնության կանխարգելմանը,երեխաների բարեկեցությանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են ծնողական դերի նշանակությանը երեխայի հոգեկան, հուզական և սոցիալական զարգացման փուլերի ընթացքին։
Դասընթացն իրականացվել է ինտերակտիվ մեթոդներով, ներառելով սահիկաշարերի ներկայացում, մտագրոհ, «մտքի քարտեզագրում» պրոյեկտիվ մեթոդիկա և հմտությունների գործնական փորձարկում:
Գևորգ Սիմոնյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունը.
«Մանկության տարիներին բռնության ականատես եղած կամ այն վերապրած երեխաները հաճախ ունենում են լուրջ սոցիալ-հոգեբանական խնդիրներ իրենց հետագա կյանքում։ Իսկ զայրույթն ու բռնությունը երբեք չեն օգնում։ Այս դասընթացի նպատակը նման խնդիրների կանխարգելումն է՝ գիտելիքի և հմտությունների տրամադրման միջոցով»։
Դասընթացը եզրափակվել է վկայականների հանձնման հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում 12 մասնակիցներից 7-ը ստացել են վկայականներ։
Այցի ընթացքում Գևորգ Սիմոնյանը հանդիպել է նաև «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող անչափահաս դատապարտյալների հետ՝ կարևորելով նրանց կրթական կարիքների գնահատումն ու համապատասխան հնարավորությունների ստեղծումը։