Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» (նախկին անվանումը՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ») պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կենտրոն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
- Կենտրոնը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 224-Ն որոշման համաձայն:Կենտրոնը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկի (պետական հաշվառման համարը՝ 278.0073) իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան (վերակազմավորում):
Կենտրոնը հանդիսանում է «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 273.210.04629) իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան (միացում): - Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
- Կենտրոնը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրները լուծելու նպատակով առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
- Կենտրոնն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
- Կենտրոնը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` առնվազն հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
- Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:
- Կենտրոնն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
- Կենտրոնի անվանումն է`
- հայերեն` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
- ռուսերեն` «Центр правового образования и реализации реабилитационных программ» государственная не коммерческая организация.
- անգլերեն` «Legal education and rehabilitation programs’ implementation center» State non Commercial Օrganization:
- Կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 162 ա:
2. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Կենտրոնի գործունեության առարկան և խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը.
2) իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչների մշակումը և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.
3) սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը քրեակատարողական հիմնարկներում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար.
4) դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը.
5) քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը.
6) սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման շրջանակում պետական և ոչ պետական մարմինների փոխգործակցության համալիր միջոցառումների իրականացումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ միջոցառումների, խորհրդատվության և համաժողովների կազմակերպումը.
7) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների, ինչպես նաև դատապարտյալների համար համապատասխան կրթական ծրագրերով բարձրագույն կրթության իրականացումը.
8) գիտատեսական և կիրառական հետազոտությունների փորձագիտական գնահատումները.
9) կրթության բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը.
10) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:
- Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` Կենտրոնը`
1) կազմում է ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր և դրանք ներկայացնում կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատմանը.
2) սահմանված կարգով ստեղծում է գիտահետազոտական կենտրոններ.
3) շնորհում է Կենտրոնի պատվավոր կոչումներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրում Կենտրոնի պարգևներով.
4) մշակում է իրավաբանական կադրերի մասնագիտական որակավորման բարձրացման և վերապատրաստման իրականացման մեթոդիկան.
5) մշակում է իրավաբանական կադրերի, պետական կառավարման մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար աշխատողների, համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման և մասնագիտական որակավորման ստուգման` ատեստավորման համար անհրաժեշտ նյութեր.
6) մշակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման, ինչպես նաև նրանց ինքնակրթության բարձրացման կազմակերպական մեթոդները.
7) կազմակերպում է իրավաբանական առաջավոր մեթոդների և փորձի ուսումնասիրման ու ներդրման, միջազգային, հանրապետական և այլ գիտաժողովների նախապատրաստման ու անցկացման աշխատանքները.
8) կազմակերպում է իրավաբանական մասնագիտական գրադարանային ֆոնդի, ուսումնամեթոդական, ձայնատեսադարանների, ֆիլմադարանների ձևավորման ու պահպանման աշխատանքները և սահմանում հսկողություն դրանց կիրառման նկատմամբ.
9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայողների համար վերապատրաստման և հատուկ ուսուցման շրջանակներում ապահովում է մասնակիցների հանգրվանների և սննդի կազմակերպումը.
10) կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ.
11) իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է զբաղվել հիմնադրի կողմից թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
- Կենտրոնը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`
1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, ինչպես նաև հանրակրթական, միջին մասնագիտական, լրացուցիչ, շարունակական կրթության կազմակերպում.
2) վերապատրաստում, վերաորակավորում, մասնագիտական որակավորման բարձրացում, հատուկ ուսուցում.
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, մասնագիտական որակավորման բարձրացում, ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում.
4) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
5) իր աշխատողների, սովորողների (ունկնդիրների) և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.
6) հրաձգարանների գործունեություն.
7) պատանի հանդիսատեսի և մանկական թատրոնների ներկայացումների ցուցադրում.
8) ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
9) ինքնագործ նկարիչների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
10) զարդակիրառական արվեստի վարպետների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
11) սիրողական ակումբների և ստուդիաների անդամների ստեղծագործությունների և արտադրատեսակների ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում.
12) ժողովրդական ստեղծագործության ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում և անցկացում.
13) փշալարերի և թույլ տեսանելի մետաղալարերի արտադրություն.
14) մետաղե մահճակալների արտադրություն.
15) ցեմենտ-բետոնյա տարբեր չափերի միջնորմային սալիկների արտադրություն.
16) կար ու ձևի և կոշիկի արտադրություն.
17) կահույքի արտադրություն.
18) հացի և հացամթերքի ու հրուշակեղենի արտադրություն.
19) ապրանքամանների (տարրա) արտադրություն.
20) կաթնամթերքի, մսամթերքի արտադրություն.
21) հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցում.
22) այգեգործություն և բերքի վերամշակում.
23) անասնապահություն, թռչնաբուծություն և մեղվաբուծություն.
24) քրեակատարողական հիմնարկներում կրպակային գործունեություն (խանութ՝ մանրածախ առևտրի) և էլեկտրոնային (առցանց խանութ) առևտուր.
25) ծրագրային ապահովման մշակում:
- Կենտրոնը կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
3. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Կենտրոնի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` նախարար), տնօրենը, գիտական խորհուրդը:
- Հիմնադրի որոշմամբ կարող է նախատեսվել նաև կոլեգիալ խորհրդակցական, վերահսկողություն իրականացնող կամ այլ մարմինների (խորհուրդ, տնօրենների խորհուրդ և այլն) ձևավորումը:
- Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
1) Կենտրոնի հիմնադրումը.
2) Կենտրոնի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) Կենտրոնի կանոնադրության հաստատումն ու դրա մեջ փոփոխությունների կատարումը, իսկ հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքում նաև նախարարը.
4) Կենտրոնի վերակազմակերպումը և լուծարումը.
5) Կենտրոնի սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.
6) Կենտրոնի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
7) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
- Նախարարը`
1) իրականացնում է Կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
2) սահմանում է Կենտրոնի կառավարման համակարգը.
3) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է նրա կառավարման մարմինները և վաղաժամկետ դադարեցնում դրանց լիազորությունները.
4) իրականացնում է վերահսկողություն Կենտրոնի գործունեության նկատմամբ.
5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Կենտրոնի գործադիր կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
6) լսում է Կենտրոնի գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրա գործունեության արդյունքները.
7) իրականացնում է վերահսկողություն Կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
8) վերահսկողություն է իրականացնում Կենտրոնի սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս Կենտրոնի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
9) քննարկում և հաստատում է Կենտրոնի տարեկան ծախսերի նախահաշիվը, տարեկան հաշվեկշիռը, տարեկան ֆինանսական և այլ հաշվետվությունները.
10) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
- Կենտրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` Կենտրոնի տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է, կամ նրա լիազորությունները դադարեցվում են նախարարի կողմից:
- Տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կենտրոնի գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության ու կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
- Տնօրենը`
1) առանց լիազորագրի հանդես է գալիս Կենտրոնի անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) տալիս է Կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
7) սահմանում է Կենտրոնի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) հաստատում է Կենտրոնի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
9) նշանակում է Կենտրոնի հիմնարկների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.
10) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և Կենտրոնի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
- Գիտական խորհուրդն ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կոլեգիալ կառավարման մարմին է:
- Կենտրոնի գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
24 Կենտրոնի գիտական խորհուրդը`
1) հաստատում է աշխատակարգը.
2) կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնելու համար սովորողների, ունկնդիրների, հայցորդների, ասպիրանտների ընդունելության կանոնների վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում նախարարին.
3) նախարարին է ներկայացնում նոր մասնագիտությունների և մասնագիտացումների անվանացանկի, ինչպես նաև նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ` կրթության պետական կառավարման լիազորված մարմին ներկայացնելու համար.
4) իրեն հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի թվի սահմաններում, նախարարի համաձայնությամբ, հաստատում է վճարովի հիմունքներով ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը.
5) հաստատում է ուսումնական պլանները` ըստ մասնագիտությունների.
6) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում հաշվետվություններ ու գիտական հաղորդումներ` կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.
7) ընդունում է «Կենտրոնի պատվավոր դոկտոր», «Կենտրոնի պատվավոր պրոֆեսոր», «Կենտրոնի վաստակավոր պրոֆեսոր», «Կենտրոնի վաստակավոր գիտաշխատող» կոչումները շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ նշանակելու, կրծքանշանով պարգևատրելու մասին որոշումներ.
8) իր սահմանած ընթացակարգով իրականացնում է Կենտրոնի ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը` փակ գաղտնի քվեարկությամբ.
9) շնորհում է Կենտրոնի դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.
10) լուծում է սույն կանոնադրությունից բխող ուսումնական, մեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր.
11) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Կենտրոնի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են նախարարը կամ նրա ներկայացուցիչը, գիտական քարտուղարը, ուսումնական մասով Կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Կենտրոնի մասնաճյուղերի, հիմնարկների, ներկայացուցչությունների ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ինչպես նաև Կենտրոնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կենտրոնի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, գիտության և կրթության առաջատար մասնագետներ:
26 Կենտրոնի գիտական խորհրդի անդամների առնվազն 25 տոկոսը պետք է կազմեն սովորողները:
- Կենտրոնի գիտական խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:
- Կենտրոնի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի մասնակցության դեպքում:
- Կենտրոնի գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են գիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
- Կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, ուսումնագիտական և գիտահետազոտական կենտրոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտաուսումնական գրադարանը և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:
- Կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կենտրոնի կանոնադրության հիման վրա:
4. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է Կենտրոնի հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև Կենտրոնի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
- Կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեությունը ենթակա է ֆինանսական վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
- Կենտրոնն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է ինքնուրույն` իր կողմից սահմանված կարգով, իր առջև դրված նպատակների իրականացման համար: Կենտրոնը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան:
- Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին կամ սույն կանոնադրությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
- Կենտրոնի սեփականության պահպանման պատասխանատվությունը կրում է Կենտրոնը:
- Կենտրոնի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
- Հիմնադիրը կարող է Կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
- Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից Կենտրոնին ամրացված գույքը:
- Կենտրոնն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:
- Կենտրոնն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:
- Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներն Կենտրոնի սեփականությունն են` բացառությամբ ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարների, որոնք սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
- Կենտրոնին ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հանդիսանում են հիմնադրի սեփականությունը:
- Հիմնադրի կողմից գույքն Կենտրոնին ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
- Հիմնադրի կողմից Կենտրոնն ամրացված անշարժ գույքի կամ պարտադիր պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ Կենտրոնի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
5. ԿԵՆՏՐՈՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
- Կենտրոնում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:
- Սահմանվում են Կենտրոնում ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական կամ սեմինար և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում համապատասխան մարմիններում:
- Կենտրոնի ունկնդիրներին տրվում են համապատասխան որակավորում և (կամ) սահմանված կարգի ավարտական վկայական կամ դիպլոմ:
- Ուսումնամեթոդական աշխատանքները և գործընթացները մշակվում և համակարգվում են Կենտրոնի տնօրենի և գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով:
- Կենտրոնի աշխատողների, ունկնդիրների, հայցորդների և ասպիրանտների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար Կենտրոնի աշխատողներին շնորհվում են մրցանակներ:
6. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
- Կենտրոնը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
- Կենտրոնը կարող է լուծարվել դատական կարգով` միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
- Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
- Կենտրոնի լուծարման դեպքում Կենտրոնի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: