Անչափահասների արդարադատության խորհուրդ

2015 թվականին ՀՀ Արդարադատության  նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի կողմից իրականացված «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակում անչափահասների  արդարադատության ոլորտում խնդիրների, նախատեսվող ծրագրերի, ռազմավարական պլանների համապարփակ, միասնական, համատեղ դիտարկման և մշակման համար ձևավորվել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի  30 -ի N633-Ա  հրամանով:

Խորհրդի գլխավոր նպատակն է երեխաների համար մատչելի դարձնել արդարադատությունը, խթանել համակարգի ներսում միջգերատեսչական համագործակցությունը: Խորհուրդը հարթակ է տարբեր կառույցների և կազմակերպությունների միջև արդարադատության մատչելիության ոլորտի բարելավմանը վերաբերող հարցերի քննարկման և խնդիրների լուծման համար:

Խորհուրդը, որպես միջգերատեսչական մարմին, ներկայացնում է ոլորտի կառույցների խնդիրները և ոլորտում առկա հարցերը՝ նպաստելով միջգերատեսչական համագործակցությանը, տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, մշակում է համապարփակ ռազմավարություններ և համատեղ գործողություններ՝ ուղղված երեխաների արդարադատության մատչելիությանը: Կարևոր է նաև շեշտադրել խորհրդի դերն օրենսդրական բարեփոխումների խթանման հարցում, մասնավորապես քրեական, քրեադատավարական, քրեակատարողական օրենսգրքերում և առկա նախագծերում երեխաների արդարադատությանն առնչվող համապատասխան առաջարկությունների ներկայացման առումով:

Խորհուրդը կազմված է պետական, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներից: Խորհրդի քարտուղարությունն  իրականացվում է  «Իրավական  կրթության  և վերականգնողական  ծրագրերի  իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

2018 թվականին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի 3 նիստ, որի ընթացքում հաստատվել է 2018-2019 թվականների անչափահասների արդարատատության խորհրդի աշխատակարգը, մշակվել է երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատման ու գործողությունների ցանկ: Ստեղծվել է նաև www.forchild.am պաշտոնական կայքէջը:

2019 թվականի հունիսի 7-ին, և հունիսի 13-ից 15-ը «Միջգերատեսչական համագործակցության խթանում և աջակցություն Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի մշակմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Անչափահասների արդարադատության խորհրդի 2019 թվականի նիստը, որի նպատակն էր քննարկել և վերհանել Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագրի նախագծի մշակման գործընթացում ոլորտային հիմնախնդիրները, որի արդյունքում որոշվեց Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրից բխող առաջարկություններ և օրենսդրական ակտերի նախագծեր մշակել: