«Երեխայի իրավունքի հիմնախնդիրը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համատեքստում» խորագրով ասուլիս է կայացել այսօր «Մեդիա ակումբում», որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, փաստաբան, ի.գ.թ., դոցենտ, Դավիթ Թումասյանը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ Գայանե Հովակիմյանը:
Ինչպես տեղեկացնում են միջոցառման կազմակերպիչները, Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունը, որտեղ առաջին անգամ երեխաների իրավունքների պաշտպանության դրույթներ են սահմանվել, որը մոտ ապագայում կվավերցվի ՀՀ կառավարության կողմից: Նախագծում հաշվի են առնվել ոլորտում գոյություն ունեցող խնդիրները, հիմնականում դիտարկվում է երեխաների պաշտպանությունը բռնությունից:
Քրիստինե Գրիգորյանը նաև նշել է, որ նախարարությունը շահագրգռված է ոլորտի խնդիրների լուծման մեջ տարբեր պետական և քաղաքացիական հասարակության մարմինների ներգրավվածությամբ և կարևորել «Անչափահասների արդարադատության խորհուրդ»-ը, որի քարտուղարությունն իրականացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Դավիթ Թումասյանի խոսքով, Երեխաների նկատմամբ բռնությունը տարբերվում է մեծահասակների նկատմամբ բռնությունից և այն չափորոշիչները, որոնք օգտագործվում են մեծահասակների նկատմամբ բռնությունը սահմանելիս` միանշանակ կիրառելի չեն երեխայի նկատմամբ, քանի որ վերջինս ունի որոշակի առանձնահատկություններ և անգամ մեծահասակի համար աննշան թվացող բռնությունը երեխայի համար կարող է թողնել անդառնալի հետևանքներ: Այս առումով նաև բռնություն է համարվում երեխայի առևանգումը: Գոյություն ունի միջպետական և ներպետական առևանգում և երեխային պաշտպանելու համար պետության կողմից պետք է լինի համակարգային համագործակցություն, կարևոր է նաև հասարակության մասնակցությունն այս պարագայում, որը հաճախ լատենտային բնույթ է կրում:
2007 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել «Երեխայի Միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիան: Անի Մխիթարյանի պարզաբանմամբ` առևանգում տերմինը ունի երկու իմաստ` առաջինը վերաբերելի է միայն երեխայի ծնողների խնամակալության իրավունքի սահմանափակմանը կամ ոտնահարմանը, երբ մի ծնողը առանց մյուսի տեղեկացման տեղափոխում է երեխային Հայաստանի Հանրապետությունից` կամ հակառակը, իսկ երկրորդը, երբ երեխան անօրինական կերպով պահվում է օտար երկրում: Մխիթարյանը նաև հավելեց, որ 2018 թ. երեխաների միջազգային առևանգման վարույթները, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների, քննարկվում են բացառապես դատարանի կողմից:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ վերջերս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ը իրականացրել է «Երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագիրի առաջին փուլը: Ամփոփելով ծրագրի առաջին փուլը Գայանե Հովակիմյանն ասել է, որ ծրագրի նպատակն է բռնության առկա խնդիրների մասին ոչ միայն արձագանքելը, այլև դրանք կանխարգելելը: