glxavor kes

  2004թ.-ից գործում է իրավաբանական քոլեջը, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթություն «Իրավագիտություն» և 2016թ.-ից նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն «Քրեակատարողական գործ» մասնագիտություններով.

 

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում գործում է իրավաբանական քոլեջ, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթություն:

      Ուսման տևողությունը 2 տարի է միջնակարգ ընդհանուր (լրիվ)  կրթության հենքի վրա, առկա ուսուցմամբ: Քոլեջը գործում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված «Իրավագիտություն» մասնագիտության համար հաստատված պետական կրթական չափորոշիչների հիման վրա:

       Ուսումնական առաջին տարում հիմնականում անցնում են հումանիտար, բնագիտական առարկաներ, ինչպիսիք են՝  հայոց լեզու և խոսքի մշակույթ, ռուսաց լեզու և խոսքի մշակույթ, անգլերեն լեզու, հայ ժողովրդի պատմություն,  ընդհանուր մանկավարժություն և սոցիոլոգիայի հիմունքներ, տրամաբանություն, փիլիսոփայություն, սեյսմիկ պաշտպանություն, ֆիզիկական դաստիարակություն, Հայաստանի պետության և իրավունքի պատմություն, տնտեսագիտության տեսության հիմունքներ, պետության և իրավունքի տեսություն, քաղաքագիտության հիմունքներ, արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն, սահմանադրական իրավունք, հռոմեական իրավունք,բնապահպանական իրավունք, աշխատանքային իրավունք, ընտանեկան իրավունք, իրավապահ մարմինները ՀՀ-ում,  ինֆորմատիկա և համակարգչային տեխնիկա, իսկ ուսումնական երկրորդ տարում արդեն անցնում են մասնագիտական առարկաներ, որոնք ունեն քրեակատարողական ուղղվածություն, ինչպիսիք են՝ մարդու իրավունքներ, միջազգային իրավունք, վարչական իրավունք, քրեական իրավունք,քրեական դատավարություն, քաղաքացիական իրավունք, քաղաքացիական դատավարություն, քրեակատարողական իրավունք, մունիցիպալ իրավունք, կոռուպցիայի դեմ պայքար և հակակոռուպցիոն ռազմավարություն, իրավաբանական հոգեբանություն, քրեակատարողական իրավունք,անվտանգ կենսագործունեություն, օպերատիվ հետախուզական գործունեություն, միջազգային պենիտենցիար իրավունք,մաքսային իրավունք, ֆինանսական իրավունք, կանոնակարգումը և անվտանգության ապահովումը քրեակատարողական հիմնարկներում, կառավարումը և արտակարգ իրավիճակների սահմանումը քրեակատարողական հիմնարկներում և այլն:

     Այն միակն է ողջ հանրապետությունում, որը պատրաստում է որակյալ կադրեր քրեակատարողական ուղղվածությամբ: Չնայած իր երիտասարդ տարիքին քոլեջը հայտնի է իր ձեռքբերումներով: Քոլեջի շրջանավարտները հաջողությամբ  աշխատում են դատական, իրավապահ մարմինների, պետական  ծառայության, քրեակատարողական համակարգում: Քոլեջում սովորելու համար տարիքային սահմանափակումներ գոյություն չունեն, սովորում են, ինչպես, դպրոցը նոր ավարտած, այնպես էլ, բարձրագույն կրթություն ստացած անձինք և գիտությունների թեկնածուներ: Քոլեջն ավարտելուց հետո շրջանավարտների մեծամասնությունն ուսումը շարունակում է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում:

       Ուսումնառության ընթացքում ուսանողներն անցնում են ուսումնական և արտադրական պրակտիկաներ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի վերջում: Պրակտիկաներն անցնում են դատարաններում և քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նրանք ամրապնդում են իրենց  գիտելիքները, որը ստացել են ողջ կիսամյակի ընթացքում:

       Կարևոր է նշել, նաև, գրադարանի մասին, որն ամեն տարի համալրվում է մասնագիտական գրականությամբ, մեթոդական ցուցումներով և բացառիկ հնարավորություն տալիս դասախոսական կազմին, ուսանողներին առանց ժամանակ ծախսելու այլ տեղերից գրականություն հայթայթելուց, անարգել  օգտվել  սեփական գրադարանից:

     Քոլեջը հագեցած է համակարգչային լսարանով, որը թույլ է տալիս ուսանողներին անարգել տիրապետել համակարգչային հմտություններին՝ հնարավորություն ընձեռելով ավելի հեշտ աշխատանք գտնել:

      Ինչ վերաբերվում է դասախոսական կազմին, ապա անհրաժեշտ է փաստել, որ քոլեջում դասավանդում են բանիմաց, բարձր մասնագիտական ունակություններով օժտված մասնագետներ, երկար տարիների աշխատանքային փորձով, որոնք չեն բավարարվում իրենց ձեռք բերածով, այլև անընդհատ աշխատում են իրենց մասնագիտական ունակությունները  զարգացնել, մասնակցում են տարբեր սեմինարներին՝ դասավանդման ընթացքում օգտագործելով ձեռք բերված ունակությունները:

      Ուսումնառության ընթացքում  կազմակերպվում  են նաև կրթական, մշակութային, ճանաչողական միջոցառումներ, բաց դասեր մասնագիտական տարբեր թեմաներով, գիտաստեղծագործական աշխատանքներ. օրինակ` վերջիններից է «Դեպքեր և հարցեր» գրքույկը, որը ներառում է իրավաբանական հոգեբանության տեսական և գործնական նյութեր, որոնք կարող են օգտագործվել իրավագիտություն մասնագիտության դասընթացների կազմակերպման ժամանակ: 

     Ուսանողները քոլեջը ավարտելուց ստանում են  պետական նմուշի դիպլոմ «իրավագետ»  որակավորմամբ:

    Գործատուները նշում են, որ քոլեջի շրջանավարտներն առանձնանում են իրենց  գրագիտությամբ, պատրաստվածությամբ, բանիմացությամբ, կարգապահությամբ:

    Քոլեջը պարբերաբար ուսումնասիրում է շուկայի պահանջարկը և անում համապատասխան հետևություններ:

     Ուսումնական  գործընթացի որակի հիմնական ցուցանիշը  հանդիսանում  է շրջանավարտների մասնագիտական, սոցիալական պատրաստվածությունը, որն էլ արտահայտվում է հասարակության  մեջ իրենց   դերի  և տեղի ամրապնդման մեջ:

Դա ենթադրում է, որ ուսանողն իր ուսումնառության ընթացքում տիրապետում է անհրաժեշտ ունակությունների, որոնք էլ թույլ են տալիս նրան  լինել մրցունակ,  պահանջարկ վայելող գործատուների կողմից և հասարակության մեջ:

       Քոլեջի հիմնական նպատակն` հնարավորություն ընձեռել երիտասարդներին ստանալ մասնագիտական ​​կրթություն` պահանջված «իրավագիտություն» մասնագիտությամբ,   բարձրացնել աշխատողների կրթամակարդակը և  պատրաստել որակյալ կադրեր դատական, իրավապահ և քրեակատարողական համակարգում աշխատելու համար:

     Չէ, որ, իրավաբանի մասնագիտությունը միշտ եղել է  ամենապահանջված, հետաքրքիր ու կարևորագույններից մեկը :

    Ներկա ժամանակահատվածում  ընդլայնվում է   գործունեության ոլորտը, որը պահանջում է իրավաբանի գիտելիքներ, հետեւաբար, աճում է  հնարավորությունը  գտնել հետաքրքիր աշխատանք.

 Եվ, ի վերջո, գիտելիքը պետք չէ թաքցնել, այն միակ արժեքն է, որը ոչ ոք չի կարող  վերցնել քեզանից: