Կրթությունը բոլորի համար է. պետական աջակցության շնորհիվ դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ

Կրթությունը բոլորի համար է. պետական աջակցության շնորհիվ դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ

Ուսումնական այս տարվա սկիզբը քրեակատարողական համակարգում առանձնահատուկ է նրանով, որ այսուհետ պետական աջակցության միջոցով 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: Պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված և անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու դասապրոցեսին:

Փոխնախարար Սարգսյանը մասնակցել է 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության իրականացման գործընթացին, զրուցել դատապարտյալների և ուսուցչական անձնակազմի հետ:

Սարգսյանը շնորհավորել է կրթական գործընթացի մասնակիցներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և փաստել, որ Արդարադատության նախարարության ջանքերով կրթությունն այլևս հասանելի է այն դատապարտյալներին, որոնք տարբեր պատճառներից ելնելով չեն ստացել միջնակարգ կրթություն:

«Կրթությունն է թե՛ ինքնազարգացման, թե՛ վերափոխվելու, թե՛ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտացմամբ աշխատելու հենքը: Պետական այսպիսի աջակցությունն իրապես աննախադեպ հնարավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար, որից պետք է միանշանակ օգտվել: Այսպիսի հնարավորություն անգամ շատ ու շատ առաջադեմ երկրներում չկա, ուստի մեր ուսուցչական անձնակազմի օժանդակությամբ պետք է մոտիվացված կերպով շարունակեք կրթվել, լցնել ձեր առօրյան օգտակար զբաղվածությամբ:»,- նշել է Սարգսյանը:

Նա հորդորել է դատապարտյալներին իրենց օրինակով մոտիվացնել նաև մյուս դատապարտյալներին, չհուսահատվել կրթական գործընթացի շրջանակներում հնարավոր տարբեր բարդություններից, բարձրաձայնել կարիքները, որոնք թույլ կտան ըստ անհրաժեշտության փոփոխել ուսման կազմակերպման մեթոդները, և գիտելիքների պաշարն ամրապնդել:

Փոխնախարար Սարգսյանը նաև շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, զրուցել է դատապարտյալների հետ, ծանոթացել հիմնարկի օդափոխության համակարգի ներդրման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական պլանավորման, տարեվերջին ավարտին կհասցվեն:

Այցին մասնակցել են նաև Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Ձոնիկ Մարգարյանն ու աշխատակիցները:

https://www.moj.am/article/3257

About the author

Silva Aristakesyan editor