2025 թվականի մարտի 14-ին Մատենադարանում տեղի է ունեցել «Անչափահասների շրջանում առցանց հանցագործությունների կանխարգելման նպատակով իրազեկման» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ջանքերով։
Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Ծրագրի շրջանակում իրականացվել են տարբեր թեմատիկ աշխատանքներ և ծրագրում ներառված փորձագետների կողմից ընտրվել են մեդիագրագիտության թեմայով 3 նախագծեր, անձնական տվյալների պաշտպանություն թեմայով 5 նախագծեր, առողջ ապրելակերպ թեմայով 6 նախագծեր։
ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը ողջունել է ներկաներին խորհրդանշական վայրում՝ Մատենադարանում և իր խորին շնորհակալությունն է հայտնել գործընկերներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, ինչպես նաև Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ին, որոնք այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում ներդրել են իրենց փորձը, ժամանակը և նվիրվածությունը։
Հայկ Սանոյանը իր խոսքում նշել է, որ «Այս ծրագիրը ոչ միայն ավելացրեց երեխաների թվային գրագիտության մակարդակը, այլև նպաստեց նրանց շրջանում պատասխանատու վարքագծի ձևավորմանը համացանցում։ Երեխաները ոչ միայն սովորեցին պաշտպանվել առցանց վտանգներից, այլև ստանձնեցին նախաձեռնողական դեր՝ իրենց համադասարանցիներին ու համայնքներին փոխանցելով ստացած գիտելիքները»։
Միջոցառման շրջանակում ծրագրին մասնակցած դպրոցների աշակերտները ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք անդրադառնում էին թվային անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, մեդիագրագիտությանը և առողջ ապրելակերպին։ Ընտրված լավագույն աշխատանքներն ընդգրկում էին տեսանյութեր, սոցիալական քարոզարշավներ, հետազոտական նյութեր և մեդիաարտադրանքներ։
Ծրագրի ավարտին Իրավական կրթության ՊՈԱԿ-ը շնորհակալագրեր հանձնեց նախագծային մեթոդի ղեկավարներին և աշակերտներին, իսկ դպրոցի տնօրեններն ու մյուս մասնակիցները ստացան պատվոգրեր՝ իրենց ակտիվ ներգրավվածության և աշխատանքի համար։
Միջոցառման անակնկալ հատվածում երեխաներին հնարավորություն է ընձեռվել շրջայց կատարել Մատենադարանում՝ ծանոթանալու հայկական ձեռագրերի պահպանման ավանդույթներին։ Բացի այդ, նրանց համար կազմակերպվել էր հատուկ կրթական անակնկալ՝ դասարանական էքսկուրսիա դեպի Պլանետարիում։
Ծրագիրը ևս մեկ քայլ էր երեխաների թվային անվտանգության բարձրացման և նրանց իրավագիտակցության զարգացման ուղղությամբ, ինչն իրապես կարևոր ներդրում է թվային հասարակության կայացման գործում։