03.04.2023թ.
ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում մարտի 20-ից 29-ը անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող որակավորված և 2023 թվականին որակավորման դասընթացներն անցած հոգեբանների համար վերապատրաստման դասընթացներ իրականացվեցին:
Հնգօրյա դասընթացների ընթացքում հոգեբանները ունկնդրեցին հետևյալ բովանդակությամբ և թեմաներով դասընթացներ՝ երեխաների նկատմամբ կատարվող բռնությունների տեսակները (ֆիզիկական, հոգեբանական, սեռական) և դրանց հետևանքները, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և երեխաների հոգեվնասվածքի առանձնահատկությունները, անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պաթոհոգեբանական առանձնահատկությունները, գենդերազգայուն մոտեցմամբ հարցաքննության կազմակերպումը և երկրորդային զոհայնացման կանխարգելումը:
Վերապատրաստման ընթացքում փորձագետ իրավաբանների և հոգեբանների կողմից ներկայացվեցին անչափահասների, անգործունակի, հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հարցաքննության տեխնիկաներ և հոգեբանական մոտեցումների կարևոր առանձնահատկություններ։
Նշենք, որ դասընթացները կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և միջազգային գործընկերներ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։