18.04.2023 թ.
Ապրիլի 17-ին ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ( այսուհետ՝ Կենտրոն) մասնագետների, ուսուցիչների նախաձեռնությամբ և ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ, նշյալ քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած «Գարուն ա, ձուն ա արել…» խորագիրը կրող միջոցառման ընթացքում, Կենտրոնի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ, «էթիկա և հայագիտություն» առարկայի դասախոս Արտաշես Մակարյանը մասնակիցներին տեսասահիկի միջոցով ներկայացրել է ցեղասպանության կազմակերպման դրդապատճառները, իրականացման փուլերը և հետևանքները, ինչպես նաև նա խոսել է 1919 թվականին Կ. Պոլսում տեղի ունեցած երիտթուրքական կուսակցության ղեկավար գործիչների դատավարության մասին. նրանց կողմից հայերի տեղահանությունը և ցեղասպանությունը կազմակերպելու մեղադրանքով: Միջոցառման տեսապատկերներում ներառված էր նաև Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից Ղողանջ եղեռնական հատվածը:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառման ընթացքում պատմության ուսուցիչ՝ Կամո Առաքելյանն օրվա թեմայի վերաբերյալ պատմական անդրադարձ է կատարել և զեկույց ներկայացրել, որից հետո մասնակիցները տեսանյութ են դիտել: Պատմության ուսուցիչը ժամանակաշրջանի վերաբերյալ մանրամասն փաստեր ներկայացնելով՝ պատմել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո երիտթուրքերի հայերի հանդեպ գործած ցեղասպանության մասին:
Միջոցառումն ավարտվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածքում գործող եկեղեցում ՝ աղոթքով և մոմավառությամբ: