2025 թվականի ապրիլի 18-ին Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի Է ունեցել «Հոգեբանական Վերնիսաժ» Psy Expo 2025 գիտագործնական միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի ու Հայաստանի Հոգեբանների Միություն ՀԿ-ի հետ համատեղ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հոգեբանների Միության նախագահ Հրանտ Ավանեսյաը, ով շեշտել է նախաձեռնության կարևորությունն ու գիտակրթական նշանակությունը։
Միջոցառման շրջանակում իր մասնակցությունն էր բերել ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Կենտրոնը ներկայացրել է իր հիմնական գործառույթները՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների և վերապատրաստումների կազմակերպման գործընթացին։
Մասնավորապես միջոցառման մասնակիցներին իրազեկվել է, որ նշված դասընթացը կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից սահմանված կարգով և իրականացվում է Կենտրոնի կողմից։
Դասընթացին կարող են մասնակցել հոգեբանի մասնագիտություն ունեցող անձինք։ Ծրագիրը տևում է վեց շաբաթ, ներառում է տեսական և գործնական պարապմունքներ։ Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցներին տրամադրվում է վկայագիր, որն անհրաժեշտ է որակավորման քննությանը մասնակցելու համար։ Քննությունն անցած մասնագետներին ՀՀ արդարադատության նախարարի կողմից շնորհվում է որակավորման վկայական։
Կենտրոնը նաև իրականացնում է կրթական, վերասոցիալականացման, հոգեբանական, մշակութային և սոցիալական ծրագրեր՝ ուղղված ազատազրկված և կալանավորված անձանց վերաինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև վերապատրաստում է քրեակատարողական, պրոբացիայի, հարկադիր կատարման ծառայողների, նոտարների թեկնածուների, սնանկության կառավարման հավակնորդների և այլ մասնագետների։
«Հոգեբանական Վերնիսաժ»-ի շրջանակում Կենտրոնի տաղավարին են մոտեցել բազմաթիվ հոգեբաններ, դասախոսներ և հոգեբանության ֆակուլտետի ուսանողներ, ովքեր ակտիվ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացված ծրագրերի նկատմամբ։
Բազմաթիվ մասնակիցներ հայտնել են իրենց պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը՝ ներգրավվելու որակավորման դասընթացում և աջակցելու ոլորտում իրականացվող բարեփոխումներին։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնակցությունը նմանատիպ գիտագործնական հարթակներում նպաստում է մասնագիտական համայնքի իրազեկվածության բարձրացմանը, ոլորտում առկա խնդիրների վերհանմանը և համագործակցային նոր հնարավորությունների ձևավորմանը։