Ընտանեկան բռնության դեմ պայքարի և այն կանխելու, ներկա և հետագա նախաձեռնությունների արդյունավետությունը բարձրացնելու և զգայուն լուսաբանելու նպատակով` նոյեմբերի 21-ին Կենտրոնի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում կազմակերպվեց «Երեխայի նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի զգայուն լուսաբանում» խորագիրը կրող դասընթաց-քննարկում՝ ՀՀ արդարադատության նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հետ համատեղ: Այն ներառում էր երեխաների նկատմամբ բռնության դեպքերի լուսաբանմանը վերաբերող իրավական, մեդիա և հոգեբանական թեմաներ: Դասընթացին մասնակցում էին տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, անկախ լրագրողներ, ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը: Նա իր խոսքում կարևորեց ԶԼՄ-ների երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ճիշտ և զգայուն լուսաբանումը:
Իրավաբան փորձագետ Սուրեն Քրմոյանը խոսեց երեխաների անձնական տվյալների և երեխայի լավագույն շահերի պաշտպանության կրթական, խնամքի հաստատություններում և զանգվածային լրատվության միջոնցերով անձնական տվյալների հրապարակայնության ու նրանց կյանքի հետագա որակի վրա դրանց ազդեցության մասին: Նա անդրադարձավ համացանցում երեխաների անվտանգության խնդիրներին վերաբերող թեմաներին և դրանց իրավական լուծումներին, ինչպես նաև երեխաների որդեգրումներին և նրանց հետագա ճակատագրերին` նշելով, որ այս ուղղությամբ իրականացվել են օրենսդրական նոր փոփոխություններ:
Մեդիա հաղորդակցման փորձագետ Աստղիկ Աբրահամյանը լրագրողներին ներկայացրեց երեխաների նկատմամբ ընտանիքում բռնության դեպքերի լուսաբանման միջազգային փորձն ու չափորոշիչները: Լրագրողները թեմայի շուրջ քննարկումներ ունեցան և ներկայացրեցին իրենց մասնագիտական փորձը, առաջարկեցին թեման լուսաբանելու նոր լուծումներ:
Դասընթացի բովանդակային մասն էր կազմում նաև բռնության դեպքերի լուսաբանման գործընթացում կրկնազոհության խնդիրը և, լուսաբանման նպատակով, բռնության ենթարկվածին զգայուն մոտեցում ցուցաբերելը, ինչի մասին հանգամանորեն խոսվեց, քննարկվեց ու ինտերակտիվ դաս կազմակերպվեց հոգեբան փորձագետ Հասմիկ Հովակիմյանի կողմից:
Կենտրոնը շարունակելու է կազմակերպել ընտանեկան բռնության խնդիրներին ուղղված քննարկումներ և դասըթացներ`արդյունավետ համագործակցության արդյունքում լուծումներ գտնելու նպատակով:
Դասընթացն իրականացվել է «Հայաստանի ներուժի ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը պատշաճ իրականացնելու համար՝ երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագրի շրջանակում: