Հունիսի 26-ին   «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող  «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման»  հանրակրթական ծրագրի  «Խեցեգործություն» առարկայի շրջանակներում,  ամփոփելով ուսումնական երկրորդ կիսամյակը, տեղի է ունեցել  ցուցահանդես-միջոցառում:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության   արդարադատության նախարարության  «Սևան» քրեակատարողական  հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ և քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման մասնակցությամբ:

Խեցեգործության ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանը ներկայացրել  է  դասի շրջանակներում պատրաստված գործերը, նպատակը և  նշել, որ խորագիրը վերցված է ռուս մեծանուն գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու խոսքերից: «Գեղեցկությունը», որի մասին գրողը խոսում է՝ «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Յուրաքնաչյուրը առաջնորդվելով այն ամեն լավով, որ կա իր հոգում, հիշողության մեջ և ձգտումներում՝ կլինի գեղեցիկ և աշխարհը կփրկվի  «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ»,- ասել է միջոցառման հեղինակը: Նա նաև նշել է, որ ցուցադրված գործերում մասնակիցները ինքնաարտահայտվել են՝ առարկաները կամ երևույթները    ներկայացնելով սեփական գույներով:

Միջոցառմանը  հրավիրված էին  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի  վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետներ Նունե Մնացականյանը, Սիլվա Արիստակեսյանը, Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ուսուցիչներ Սուսաննա Դանելյանը,Կամո Առաքելյանը: Ավարտին հյուրերին հանձնվել են ցուցադրվող աշխատանքներից նվերներ: