2025թ․ ապրիլի 7-ին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը այցելել է Արթիկ քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու վերասոցիալականացման ծրագրերի իրականացման գործընթացին և մասնակցելու հավաստագրերի հանձման արարողությանը։
Այցի շրջանակում շուրջ 16 դատապարտյալներ ստացել են մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթեր՝ մասնակցելով 2024թ․ օգոստոսի 1-ից մեկնարկած «Շինարարական հմտություններ» դասընթացին։
Ծրագրի ընթացքում գործել է երկու ուսումնական խումբ․ 13 դատապարտյալներ ստացել են հավաստագրեր, իսկ 3-ը՝ վկայագրեր՝ հաջողությամբ ավարտելով գործնական և տեսական փուլերը։
Դասընթացի մեկնարկից առաջ իրականացված կարիքների գնահատումը ցույց է տվել, որ շինարարական հմտություններ մոդուլը այս քրեակատարողական հիմնարկում ունի բարձր պահանջարկ, և դրանց զարգացմանն ուղղված ծրագրերը կարևոր նշանակություն ունեն դատապարտյալների ապագա մասնագիտական ինտեգրման համար։
Այցի ընթացքում քննարկվել են նաև ծրագրի ընդլայնման հնարավորությունները։
Մասնավորապես՝ առաջիկայում նախատեսվում է նոր ուղղության մեկնարկ՝ մեղվաբուծության հմտությունների ուսուցման ծրագրի շրջանակում։ Մեղվաբուծությունն առանձնանում է ոչ միայն որպես տնտեսապես արդյունավետ ոլորտ, այլև ունի բարենպաստ ազդեցություն հոգեբանական և սոցիալական վերականգնման գործընթացում։ Այն դատապարտյալներին կարող է ապահովել օգտակար զբաղվածությամբ։
Տեղեկացնենք նաև, որ այցի շրջանակում «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթական ծրագրերի իրականացում առանց տարիքային սահմանափակման» հանրակարթական ծրագրի շրջանակում 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ից միջնակարգ կրթության ատեստատ ստացել են 5 և հիմնական կրթության վկայական՝ 2 դատապարտյալ։
2 դատապարտյալ ստացել են նաև պատվոգիր կրթական և մշակութային միջոցառումներին ակտիվ ներգրավվածության, դրական վարքագծի, ավարտական և պետական ավարտական քննություններին ցուցաբերած բարձր ցուցանիշների համար։
ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը» շարունակելու է իր հանձնառությունը՝ խթանելու մասնագիտական կրթությունը և գործնական հմտությունների ձևավորումը անազատության մեջ գտնվող անձանց շրջանում՝ նպաստելով նրանց վերաինտեգրմանը հասարակություն։