Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ցուցահանդես-միջոցառում, որի թեման Մովսես Խորենացու հայտնի տողերն էին՝ «Ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»:

Միջոցառման կազմակերպմանը մասնակցել են քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 5 դատապարտյալ, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկվածներ, որոնց օժանդակել են նրանց դասավանդող ուսուցիչները: Միջոցառումը տարբերվում էր մինչ այդ կազմակերպված ցերեկույթներից նրանով, որ միասին ելույթ են ունեցել և՛ ազատազրկված անձինք, և՛ դասավանդողները:

Միջոցառման թեման և գործողությունների առանցքը հայրենիքն էր, Հայաստանի երեկվա ու վաղվա օրը: Թեմայի ընտրությամբ մեկ անգամ ևս ընդգծվել է քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անձանց նվիրումն ու սերը հայրենիքի, նրա ապագայի նկատմամբ՝ անկախ գտնվելու վայրից:

Ցերեկույթն ավարտվել է ցուցահանդեսի բացմամբ, որտեղ ներկայացվել են դատապարտյալների ձեռքի աշխատանքները՝ ստեղծված տերբեր նյութերից և տարբեր ոճերով, որոնք խորհրդանշում են հիմնականում հայրենասիրություն, խաղաղություն, հոգու ներդաշնակություն և ազատության տենչ։