ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան
թիվ ՔՀ-67-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ»

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝

  1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու» կարգը(հավելված N 1) կցվում է։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Դ. Հարությունյան

 


Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 18-ի
թիվ ՔՀ-67-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ

 

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները:
  2. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը նրա մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցումն է:

Քրեակատարողական ծառայողի մարտական պատրաստվածությունը բարձր պահելու նպատակով, վերապատրաստման շրջանակներում անցկացվում են նաև ուսումնամարզական պարապմունքներ:

  1. Քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցումը նրա՝օրենքով նախատեսված հրազենի և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերումն է, որը ներառում է

1) հրազենի կառուցվածքի, նշանակության, նրա հետ վարվեցողության, պահպանման իմացությունը,

2) հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանների և վարժաձևերի իմացությունը,

3) հրազենի և հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնների իմացությունը,

4) հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու իմացությունը:

  1. Վերապատրաստման և հատուկ ուսուցման նպատակն է ապահովել քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունավետության և մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

 

 

 

Գ Լ ՈՒ Խ  2

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Քրեակատարողական ծառայողըվերապատրաստում և հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածով, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում։

(5-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն)

  1. Վերապատրաստումը և հատուկ ուսուցումն անցկացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:
  2. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամկետը չի կարող պակաս լինել60 ակադեմիական ժամից:

(պարբերությունն ուժը կորցրել է 16.10.06 թիվ ՔՀ-57-Ն)

(7-րդ կետը փոփ. 16.10.06 թիվ ՔՀ-57-Ն)

  1. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում կամ հատուկ ուսուցում կարող էանցնել իր կամ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:

(8-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)

  1. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, իսկ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ քրեակատարողական ծառայողի հաշվին:
  2. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամանակ քրեակատարողական ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են:

(10-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)

  1. Վերապատրաստվող կամ հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողը համապատասխան հաստատություն է ներկայանում համազգեստով, իր հետ պետք է ունենա ծառայողական վկայական:

(11-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն, 19.12.11 N 217-Ն)

  1. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժինը:

(12-րդ կետը փոփ. 04.06.12 N 89-Ն)

  1. Կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժինը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ ամիս առաջ դրանց սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայողին, ինչպես նաև համապատասխան մարմնի կամ հիմնարկի ղեկավարին:

(13-րդ կետը փոփ. 04.06.12 N 89-Ն)

13.1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետը՝ Հայաստանի Հանրապետության նախարարի կողմից հաստատված վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագրին համապատասխան, վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացները սկսվելուց առնվազն երեք շաբաթ առաջ ուսումնական հաստատություն է ներկայացնում վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցնող ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ քրեակատարողական հիմնարկի կամ մարմնի անվանումը:

(13.1-ին կետը լրաց. 04.06.12 N 89-Ն)

  1. Ուսումնական հաստատությունը պարտավոր է յուրաքանչյուր խմբի դասընթացը սկսվելուց ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում քրեակատարողական վարչություն տրամադրել տեղեկատվություն վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման վայրի վերաբերյալ:

(14-րդ կետը խմբ. 18.12.09 N 312-Ն, 19.12.11 N 217-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

  1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում ընթացիկ տարվա վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակացույցը:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քրեակատարողական ծառայողների ընթացիկ տարվա վերապատրաստման և հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագրերը հաստատում է վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:

(15-րդ կետը լրաց. 14.02.07 N 22-Ն, խմբ. 19.12.11 N 217-Ն, փոփ. 26.06.15 N 284-Ն, 07.03.18 N 97-Ն)

  1. Վերապատրաստման ծրագիրը ներկայացվում է ըստ քրեակատարողական ծառայության այն ոլորտների, որոնցում կան վերապատրաստման և հատուկ ուսուցման ենթակա քրեակատարողական ծառայողներ:

(16-րդ կետը լրաց. 14.02.07 N 22-Ն)

  1. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝

1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը,

2) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)

3) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (ներառյալ յուրաքանչյուր խմբում ներառված քրեակատարողական ծառայողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ ոլորտների և ծառայության վայրի) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:

(17-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն, լրաց., փոփ. 18.12.09 N 312-Ն, խմբ. 19.12.11 N 217-Ն, 04.06.12 N 89-Ն)

  1. (կետն ուժը կորցրել է18.12.09 N 312-Ն)

18.1 «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վերապատրաստման դեպքում քրեակատարողական վարչության պետը դասընթացները սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման ժամանակացույցը, որը ներառում է վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը, և տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված վերապատրաստման դասախոսությունների ու գործնական պարապմունքների ցանկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան ցուցումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(18.1-ին կետը լրաց. 19.12.11 N 217-Ն, փոփ. 07.03.18 N 97-Ն)

  1. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

  1. (կետն ուժը կորցրել է14.02.07 N 22-Ն)

20.1 (կետն ուժը կորցրել է 19.12.11 N 217-Ն)

20.2 Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ավարտին քրեակատարողական ծառայողը հանձնում է ստուգարք, որի արդյունքում ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական:

(20.2-րդ կետը լրաց. 07.03.18 N 97-Ն)

  1. Քրեակատարողական ծառայողը համարվում է վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած, եթե՝

1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի մեկ երրորդը կամ ավելին.

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.11 N 217-Ն)

3) ստուգարքի արդյունքում ստացել է բացասական «չստուգված» գնահատական:

(21-րդ կետը խմբ. 30.05.08 N 43-Ն, փոփ. 19.12.11 N 217-Ն, 26.11.12 N 238-Ն, 10.06.14 N 152-Ն, լրաց. 07.03.18 N 97-Ն)

  1. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվումմասնակցելու վերապատրաստման կամ հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին։

Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողը ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման՝ իր միջոցների հաշվին:

(22-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն)

22.1 Ստուգարքի արդյունքում բացասական «չստուգված» գնահատական ստացած քրեակատարողական ծառայողը ենթակա է արտահերթ ատեստավորման:

(22.1-ին կետը լրաց. 07.03.18 N 97-Ն)

  1. Վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած քրեակատարողական ծառայողին՝ համապատասխան տեղեկանք:
  2. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ վկայականը կցվում է քրեակատրողական ծառայողի անձնական գործին:

 

ԳԼՈՒԽ 4.1

(գլուխը լրաց. 07.03.18 N 97-Ն)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՐՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

24.1 Ստուգարքը ուսումնական գործընթացի ավարտական փուլ է, որի նպատակը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողների ուսուցման արդյունավետության գնահատումն է:

24.2 Ստուգարքի կազմակերպման և անցկացման նպատակով ձևավորվում է ստուգարքի հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

24.3 Հանձնաժողովի կազմը ձևավորվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի մասնագետներից՝ ստուգարքի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ: Հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անդամից, որոնց նշանակում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը:

24.4 Հանձնաժողովի նախագահին նշանակում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի կազմից, իսկ քարտուղարին՝ հանձնաժողովի նախագահը:

24.5 Քրեակատարողական ծառայողը ստուգարքին ներկայանում է անձամբ` համազգեստով և վկայականով:

24.6 Վերապատրաստման ստուգարքին չի կարող մասնակցել ընդհանուր ժամաքանակի 1/3-րդը կամ ավելին անհարգելի պատճառով բաց թողած քրեակատարողական ծառայողը: Հարգելի բացակայության դեպքում քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցել ստուգարքին՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով:

24.7. Քրեակատարողական ծառայողը հանձնաժողովին ներկայանում է` հայտնելով իր անունը, հայրանունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

24.8 Քրեակատարողական ծառայողներին արգելվում է իրենց հետ գնահատման սենյակ բերել կամ կրել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր:

24.9 Հանձնաժողովի որոշմամբ ստուգարքի ընթացքում կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հրավիրված դիտորդներ:

24.10 Վերապատրաստման ստուգարքը կատարվում է միայն մատուցված վերապատրաստման նյութի շրջանակներում՝ թեստավորման եղանակով:

24.11 Հատուկ ուսուցման ստուգարքն անց է կացվում երկու փուլով՝ կրակային պատրաստվածության ստուգում և թեստավորում:

24.12 Թեստավորումն անցկացվում է այդ նպատակով կազմված ամփոփաթերթերի միջոցով, որոնք «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը քրեակատարողական ծառայողների թվին համապատասխան կնքված երկուական օրինակով հանձնում է Հանձնաժողովի նախագահին: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միևնույն ծածկագիրն ունեցող կտրոնից և հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքվում է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքևի ձախ կողմում:

24.13 Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը հարցաշարից համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ ընտրում է հարցեր և կազմում 30, իսկ հատուկ ուսուցման դեպքում՝ 15 թեստային առաջադրանքից բաղկացած թեստեր:

24.14 Հանձնաժողովի քարտուղարը քրեակատարողական ծառայողներին պարզաբանում է թեստավորման անցկացման հետ կապված կազմակերպչական բնույթի հարցերը, որից հետո տրամադրում է ամփոփաթերթ` 2 օրինակից։

24.15 Քրեակատարողական ծառայողը, հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով իր վկայականը, ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, և այն, հիմնական մասից անջատելով, հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

24.16 Քրեակատարողական ծառայողին արգելվում է ջնջել ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը: Հակառակ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր:

24.17 Քրեակատարողական ծառայողները թեստավորման ժամանակ կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

24.18 Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը քրեակատարողական ծառայողներին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:

24.19 Քրեակատարողական ծառայողը թեստավորման փուլի սկիզբը հայտարարվելուց հետո ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ, իր կարծիքով, ճիշտ պատասխանը:

24.20 Թեստավորման ընթացքում քրեակատարողական ծառայողներին արգելվում է աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե քրեակատարողական ծառայողը ցանկանում է դուրս գալ սենյակից, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

24.21 Քրեակատարողական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որն արդյունքների գնահատման ժամանակ հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

24.22 Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

24.23 Աշխատանքի ավարտից, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո քրեակատարողական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է դրա համար նախատեսված` կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում է հանձնաժողովի անդամին: Քրեակատարողական ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով վկայականը` ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս է գալիս սենյակից:

24.24 Թեստավորման առաջադրանքները կատարելու համար քրեակատարողական ծառայողներին հատկացվում է 80 րոպե, իսկ հատուկ ուսուցման ստուգարքի թեստավորման դեպքում՝ 40 րոպե ժամանակ:

24.25 Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ քրեակատարողական ծառայողներին հիշեցնում է առաջադրանքի կատարման համար մնացած ժամանակի մասին:

24.26 Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հայտարարում է դրա մասին, որից հետո քրեակատարողական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած քրեակատարողական ծառայողի ամփոփաթերթը ճանաչվում է անվավեր և գնահատվում 0 միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը կատարում է նշում պատասխանների ամփոփաթերթի վրա:

24.27 Հանձնաժողովի անդամներն ստուգում են ամփոփաթերթերի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի առկայությունը և վնասված չլինելը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթերի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:

24.28 Հանձնաժողովը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները տպագրելու համար, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:

24.29 Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով մեկ առ մեկ ստուգում են քրեակատարողական ծառայողների կողմից ամփոփաթերթերում նշված պատասխանները:

24.30 Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը:

24.31 Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, սխալ պատասխանը` 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն սխալ պատասխան նշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, ոչ մի պատասխան չնշելը, ինչպես նաև ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

24.32 Բոլոր քրեակատարողական ծառայողներն ստուգման աշխատանքների ավարտից հետո հրավիրվում են սենյակ:

24.33 Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ ջնջում է ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրվելուց հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որն անմիջապես արձանագրում է հանձնաժողովի քարտուղարը:

24.34 Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ 24.33-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունները, անունները, հայրանունները: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ներկայացնում է իր վկայականը, ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է:

24.35 Թեստավորմանը մասնակցած, սակայն արդյունքների ամփոփմանը չներկայացած քրեակատարողական ծառայողների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները և դրանց տոկոսները:

24.36 Հանձնաժողովը միավորները և դրանց տոկոսները հայտարարելուց անմիջապես հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:

24.37 Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` 24.35-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

24.38 Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում քրեակատարողական ծառայողի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

24.39 Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել քրեակատարողական ծառայողի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր քրեակատարողական ծառայողների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

24.40 Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ քրեակատարողական ծառայողի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է քրեակատարողական ծառայողի պահանջը` ճիշտ հաշվարկելով թեստավորման արդյունքները:

24.41 Բողոքարկման արդյունքներն ամփոփվելուց հետո թեստավորման առաջադրանքները փաթեթավորվում և կնքվում են` արխիվացման նպատակով քրեակատարողական վարչությանը հանձնելու համար:

24.42 Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոքների բացակայության դեպքում` բողոքարկման համար սույն կարգի 24.37-րդ կետում նշված ժամանակի ավարտից հետո հանձնաժողովն առաջադրանքների 30 հնարավորից 21 միավորից պակաս հավաքած քրեակատարողական ծառայողի գնահատականը համարում է բացասական, իսկ 21 և ավելի միավոր հավաքած քրեակատարողական ծառայողինը՝ դրական:

24.43 Հանձնաժողովը գնահատման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողի համար կազմում ստուգարքի թերթ:

24.44 Հանձնաժողովի նախագահը և անդամները ստորագրում են ստուգարքի թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:

24.45 Քրեակատարողական ծառայողը ստուգարքի ավարտից հետո ծանոթանում է ստուգարքի թերթին և ստորագրում այն: Քրեակատարողական ծառայողը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ստուգարքի թերթի պատճենը:

24.46 Քրեակատարողական ծառայողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում կարող է դրանք բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ստուգարքի արդյունքների հայտարարման օրվանից հետո եռօրյա ժամկետում:

24.47 Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին է ներկայացնում քրեակատարողական ծառայողների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը:

24.48 Կրակային պատրաստության ստուգումն անցկացվում է ինքնաձիգից և (կամ) ատրճանակից մարտական հրաձգություն անցկացնելու միջոցով:

24.49 Վարժաձևի ընտրությունը (ծրագրի շրջանակներում) կախված է հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողների ծառայողական առանձնահատկություններից:

24.50 Կրակային պատրաստության ստուգումը կարող է անցկացվել նաև վերապատրաստման դասընթացներին զուգահեռ:

  1. 51 Կրակային պատրաստվածության ստուգումը անցկացվում է դասավանդող դասախոսի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ:

24.52 Յուրաքանչյուր վարժաձևի կատարումից հետո արդյունքը ներառվում է կրակային պատրաստության ստուգման ամփոփաթերթում, որտեղ ստորագրում են քրեակատարողական ծառայողը, դասավանդող դասախոսները և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:

24.53 Հատուկ ուսուցման ստուգարքի գնահատականը ձևավորվում է կրակային պատրաստության և թեստային առաջադրանքների արդյունքների գումարից: Գնահատականը համարվում է դրական, եթե քրեակատարողական ծառայողը ատրճանակից հրաձգության ժամանակ 3 փամփուշտով հավաքել է 15 և ավելի միավոր և ինքնաձիգից հրաձգության ժամանակ 3 փամփուշտով՝ 15 և ավելի միավոր, իսկ թեստային առաջադրանքներից 15 հնարավորից 10 և ավելի միավոր: Նշված չափանիշներից պակաս արդյունքը համարվում է բացասական գնահատական:

 

ԳԼՈՒԽ 5.

(գլուխը լրաց. 25.12.17 N 650-Ն)

ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑԱԾ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԱՍԻ, ՄԱՐՏԱՎԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ (ԿԻՐԱՌՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

  1. Հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք հատկացվում է հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգումն անցնելուց հետո: Ստուգումն անցկացվում է պարզելու համար քրեակատարողական ծառայողի՝

1) հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության կանոնների իմացությունը.

2) հաշվեցուցակային զենքի գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերը կանոնակարգող օրենսդրության իմացությունը:

  1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստուգումներն անցկացվում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից:
  2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝

1) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի տեղակալը (Հանձնաժողովի նախագահ).

2) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետը (Հանձնաժողովի նախագահի տեղակալ).

3) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման, օպերատիվ և բժշկական սպասարկման ստորաբաժանումների ծառայողները (Հանձնաժողովի անդամներ).

4) սպառազինության գծով համապատասխան մասնագետը (Հանձնաժողովի քարտուղար):